Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)

D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)

Վիտամին D անվանում են քիմիական կառուցվածքով նման և ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը կարգավորող մի քանի միացությունների խումբը ¥էրգոկալցիֆերոլ-D2, խոլեկալցիֆերոլ-D3։

 

Այս միացություններն ապահովում են կալցիումի տեղափոխումը ոսկրային հյուսվածք, կալցիումի և ֆոսֆորի ներծծումը բարակ աղիներում, ինչպես նաև` ֆոսֆորի ներծծումը երիկամային խողովակներում։ Վիտամին D-ն ակտիվորեն պայքարում է ռախիտի դեմ, նպաստում օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, մասնակցում բարակ աղիներում կալցիումի ակտիվացմանը և ոսկրերի հանքայնացմանը։

 

Օրգանիզմում վիտամին D-ի պակասը հանգեցնում է ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակության խանգարման, ինչը ռախիտի` աղային նյութափոխանակության խաթարման պատճառ է։ Արդյունքում` ոսկրային համակարգում կրի մեծ պակաս է առաջանում։ Վիտամին D-ի գերդոզավորման ժամանակ ի հայտ են գալիս թունավորման այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` ախորժակի անկումը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը, դյուրագրգռությունը, քնի խանգարումները, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը։

 

Բուսական ծագման սննդամթերքում վիտամին D գրեթե չկա։ Վիտամին D-ով հարուստ է ձկնամթերքը. ձկան յուղը, լյարդը, Ատլանտյան օվկիանոսի սաղմոնաձուկը և այլն։ Ձկնկիթի մեջ վիտամին D-ի պարունակությունը կազմում է 2,2 մկգ%, կաթում` 0,05 մկգ%, սերուցքային կարագում` 1,3 մկգ%։ Քիչ չեն պաշարները նաև սնկերում, եղինջում, հազարաթերթիկում և սպանաղում, ընդ որում, բանջարանոցներում աճող բույսերում վիտամին D-ն ավելի շատ քանակությամբ է առկա, քան ջերմոցային բույսերում։

 

Հասուն մարդու օրգանիզմում վիտամին D-ի պահանջը հիմնականում բավարարվում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ նրա սինթեզման շնորհիվ, մասսամբ էլ` սննդի միջոցով ստանալու հաշվին։ Բացի այդ, լյարդը ընդունակ է կուտակել այնքան քանակությամբ վիտամին D, որքան անհրաժեշտ է օրգանիզմին ողջ տարվա ընթացքում։ Վիտամին D-ի օրական պահանջը կազմում է 1 մկգ., իսկ մանկական տարիքում (մինչև երեք տարեկան)` 10 մկգ., քանի որ այն կարևորագույն դեր ունի ոսկրային համակարգի ձևավորման գործում։

 

Վիտամին D-ն համեմատաբար կայուն է օդի թթվածնի հանդեպ, ինչպես նաև` մինչև 100˚C տաքությանը, ուստի այդ ջերմաստիճանից բարձրի դեպքում վիտամին D-ն ամբողջությամբ քայքայվում է։

 

Վիտամին D-ն հիմնականում սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ` մաշկի խորը շերտերում` խոլեսթերինից առաջացող պրովիտամին D-ից։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Գարրի

02.10.2011

Օգտակար էր, շնորհակալություն:

ՄԵՐԻ

27.03.2011

Շատ հետաքրքիր էր: Ես կարծում եմ կարելի էր նաև ավելացնել` ձմռանն օրգանիզմում Դ վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ